Սահմանադրական դատարանի աշխատակազմը այսօր հաղորդագրություն է տարածել՝ վստահեցնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել:
«Գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել», - ասված է հաղորդագրությունում, որը ՍԴ աշխատակազմը տարածել է ի պատասխան հրապարակումների, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող:
«Ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլևս չի սահմանում», - ընդգծում է ՍԴ աշխատակազմը:
«Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը, վերոնշյալ կարգավորումների պարագայում, չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ: