Նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին խոչընդոտներ չեն լինելու. Հունան Պողոսյան

«Եկե՛ք Սյունիք, ներդրո՛ւմ արեք Սյունիքում, միասի՛ն զարգացնենք Սյունիքը». այսօր Տաթևում՝ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին, նման կոչով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Մարզպետը երաշխավորեց՝ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին խոչընդոտներ չեն լինելու, լինելու են միայն բարի կամեցողություն և օժանդակություն։

«Մարզային իշխանությունները կարող են և պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջև՝ երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չենք հանդիպելու ավելորդ վարչարարության, բյուրոկրատական քաշքշուկների, որևէ բացասական իրողության, որը կխանգարի ձեր ներդրումների համար ամուր հող ստեղծելուն՝ երաշխավորելով, որ տեսնելու եք միայն բարի կամեցողություն և օժանդակություն», - ասաց մարզպետը՝ շարունակելով. - «Մեզ համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններ են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Ես կոչ եմ անում բոլորիս լինել հնարավորինս ակտիվ, հանդես բերել նախաձեռնողականություն, օգտվել այս հարթակից և ձեր քայլն անել հանուն Սյունիքի մարզի՝ եկե՛ք Սյունիք, ներդրո՛ւմ արեք Սյունիքում, միասի՛ն զարգացնենք Սյունիքը»։