Կիրակի օրը Եվրամիության երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն էր:
Ֆրանսիայում, էքզիթ փոլի տվյալներով, հաղթել է Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միասնություն» կուսակցությունը, որը ստացել է քվեների շուրջ 24 տոկոսը՝ 2 տոկոսով ավելի, քան նախագահ Էմանյուել Մակրոնի «Առա՛ջ Հանրապետություն» կուսակցությունը: Երրորդ հորիզոնականում կանաչներն են:
Ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ այս ընտրությունը գործող նախագահի վստահության հանրաքվեն է: Երեկ գիշեր՝ էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, Լը Պենը հայտարարել է, թե Մակրոնը պետք է լուծարի Ֆրանսիայի խորհրդարանը:
«Նախագահը պետք է հետևություններ անի և, իմ կարծիքով, առնվազն լուծարի խորհրդարանը, որպեսզի ընտրությունների համակարգը ավելի ժողովրդավարական լինի, և խորհրդարանը վերջապես ներկայացնի երկրի իրական կարծիքը», - հայտարարել է Մարին Լը Պենը:
Ի դեպ, Լը Պենի ղեկավարած կուսակցությունը նաև անցած անգամ՝ 2014 թվականին էր հաղթել Եվրախորհրդարանի ընտրություններում, բայց այն ժամանակ Մակրոնի ղեկավարած խմբակցությունը դեռ չկար:
2017 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը հաղթել էր Լը Պենին՝ հավաքելով 66 տոկոսից ավելի ձայն:
Մարին Լը Պենը հայտնի է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակից:
Եվրոպացիները երեկ ընտրում էին Ստրասբուրգում տեղակայված 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին:
Գերմանիայում անցկացված ընտրություններում, ինչպես և ակնկալվում էր, հաղթել է կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը՝ հավաքելով 28 տոկոսից ավելի ձայն, ինչը, սակայն, այս կուսակցության ամենավատ ցուցանիշն է: