Ոստիկանությունը հաղորդում է՝ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։
Այդ հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով այսօր ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել մեկ անձ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, երեկ «Ազատության» հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաք էին կազմակերպել՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի և ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սակայն վարչապետի ձևավորած քաղաքական ուժը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ ակցիայի հետ «Իմ քայլը» կապ չունի։