Երկուշաբթի կհրավիրվի դատավորների ընդհանուր ժողով։ Սա դատական իշխանության ինքնակառավարման մարմին է, հենց ընդհանուր ժողովն է առաջարկում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածություններ, ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ձևավորում կարգապահական հանձնաժողով։
Սպասվող ժողովն արտահերթ է. այն հրավիրում ու նախագահելու է վճռաբեկ դատարանի նախագահ, Երվանդ Խունդկարյանը, նրա տեղեկացմամբ, արտահերթի հիմքը 62 դատավորների ստորագրություններն են։
«Ընդանուր ժողովը հետևյալ օրակարգը ունի՝ Սահմանադրության, օրենքների և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ընթացքն ապահովելուն ուղղված քայլերի իրականացման հարցի քննարկում», - նշեց Երվանդ Խունդկարյանը։
Վճռաբեկի նախագահն ասում է՝ ժողովի օրակարգում դատավորական համայնքի մտահոգություններն են լինելու վերջին շաբաթվա իրադարձությունները։
«Ես շատ ուրախ եմ, որ էսօր մեր քաղաքական իշխանությունները, իրենք են բարձրաձայնում և ուղղակիորեն հայտարարում դատավորների անկախության մասին և դատարանների աշխատանքին որևէ կերպ չմիջամտելու իրենց վերաբերմունքի մասին։ Դատավորները ինչքան էլ անկախ գործեն, եթե հասարակության մեջ այն մատնանշող երևույթը լինի, որ, չէ, բոլոր դեպքերում քաղաքական իշխանություններից որևէ ազդեցություն կա, ես ուրախ եմ, որ քաղաքական իշխանությունները իրենք են հայտարարում դրա մասին», - ասաց Խունդկարյանը։
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծում է, որ քննադատություն դեմ չեն լսել՝ շարունակելով. «Եթե չլինի հասարակության կողմից արտահայտած մտքերը, մենք գուցե և չպատկերացնենք, որոշակի թերացումների մասին, որը առկա էր և կարող է շտկվել»։
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ դատավորների շարքերում վեթինգ իրկանացնելուն ու ընդհանրապես համակարգը վիրահատական մեթոդներով բարեփոխելուն՝ Երվանդ Խունդկարյանն ասում է, որ կսպասեն մինչև խորհրդարանը հստակեցնի վեթինգի անցկացման գործիքները։ Անձամբ դեմ չէ ստուգվել։
«Ես չեմ խուսափի, ես մտավախություն չեմ ունենա։ Ավելին՝ եթե հասարակությունը անհանգստություն ունի և յուրաքանչյուր դատավորի ֆինանսական կարողությունների մասին մշուշոտ պատկերացումներ ունի, թող հասարակությունը տեղյակ լինի», - ասաց Երվանդ Խունդկարյանը։
Վճռաբեկի նախագահը, սակայն, շեշտում է՝ գործող օրենքներն ու դատավորի վարքագծի կանոններն էլ հնարավորություն են տալիս խնդիրները ջրի երես հանել ու, օրինակ, ունեցվածքը չհայտարարագրած կամ, քաղաքական կասկածելի կապեր ունեցող դատավորին պատասխանատվության ենթարկել։
«Մենք էդ գործիքները ունենք ներդրած, պարզապես պետք է մտածել՝ էդ գործիքները կիարառելու մասին, իսկ եթե կիրառումը որոշակի օրենսդրական թերացումների արդյունքն է, կարելի է մտածել այդ թերացումները վերացնելու ուղղությամբ», - նշեց նա։
Խունդկարյանը հատուկ ընդգծում է՝ դատավորների շարքերում փոփոխություններն աստիճանաբար պիտի արվեն, կտրուկ հեռացումները խնդիրներ կառաջացնեն, քանի որ այսօր Հայաստանի 234 դատավորներն աշխատում են, իր ձևակերպմամբ, անմարդկային ծանրաբեռնվածության պայմաններում։
«Վերջին հինգ տարիների միջինացված տվյալներով՝ 250 հազար գործեր», - ասաց Խունդկարյանը։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի աշխատասենյակը ուղղակի ողողված է դատական գործի հատորներով՝ դարակներում, գետնին, ամենուր թղթապանակներ են։ Դատավոր Գրիգորյանն ասում է տարեկան մինչև 1500 գործ է քննում և սխալներ հնարավոր են։
«Դատավորը կարող է սխալվել զուտ ծանրաբեռնվածության և տեխնիկական ինչ-որ հարցերի առումով», - ընդգծեց Լիզա Գրիգորյանը։
Նա դատական համակարգում է 93 թվականից՝ նիստերի քարտուղար, փաստաբան, ապա դատավոր։ Համակարգի գլխավոր խնդիրը անկախությունն է համարում, բայց չի կարծում, թե դատավորի ֆիզիկական փոփոխությամբ կարելի է արդյունքի հասնել։ Ասում է՝ 90-ականներին էլ շատ դատավորներ միանգամից փոխարինվեցին և ի՞նչ։
«Ինչքանով ես հիշում եմ 70-80 տոկոսով փոխարինվեցին դատավորները և մենք հիմա ունենք իրավիճակ, որ կրկին դժգոհ ենք։ Դատավորը պետք է զգա, ոչ միայն օրենքով լինի դա ամրագրված, պետք է զգա, տեսնի, համոզվի, որ իր պաշտոնավարությունը որևէ իշխանության հետ կապված չէ», - ասաց Գրիգորյանը։
Գույքի, ունեցվածքի, քաղաքական կասկածելի կապերի ստուգումը համարում է նորմալ ու պատրաստ է անձամբ վեթինգի ենթարկվել, բայց ընդգծում է. «Այդ ամբողջ գործընթացը պետք է իրականացվի օրենքի հիման վրա, միջազգային չափանիշների հիման վրա»։
Ի դեպ՝ դատավոր Լիզա Գրիգորյանն ինքն էլ իրավական պաշտպանություն է փնտրում վարչական դատարանում։ Նա Բարձրագույն դատական խորհրդի դեմ հայցադիմում է ներկայացրել, քանի որ, ըստ դատավորի, կառույցը թափանցիկ չի գործում, դատավորների առաջխաղացման ցանկում իրեն չներառելու որոշումը չի հիմնավորում։
«Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե որ դատավորը ինչ արժանիքների համար է առաջխաղացում ունենում կամ չի ունենում», - նշեց դատավոր Գրիգորյանը։
Դատավորի հայցը Բարձրագույն դատական խորհրդի դեմ քննարկվելու է հունիսին։