Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Արման Խաչատրյանը:
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում», - իր դիմումում գրել է Հարությունյանը՝ խնդրելով իր լիազորությունները այսօրվանից համարել դադարած:
«Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական դատական իշխանության կայացման գործում», - ասված է Գագիկ Հարությունյանի դիմումում:
Նա նաև խոստանում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայրենակիցներին «տարիներով կուտակ» ասելիքը ներկայացնել հաջորդիվ:
«Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին», - գրում է Գագիկ Հարությունյանը:
Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարում էր անցած տարվա մարտից, 1996-2018 թվականներին եղել է Սահմանադրական դատարանի նախագահը, ավելի վաղ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության փոխնախագահի, վարչապետի, Գերագույն խորհրդի փոխնախագահի և այլ պաշտոններ: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է։