«11 տարի ՀՅԴ-ն ամենաբարձր պաշտոններն է զբաղեցրել, վերականգնեիք արդարությունը». ՀԱԿ անդամը՝ ՀՅԴ ներկայացուցչին

Որևէ քաղաքակիրթ երկրում ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացած կուսակցությունը երբեք չի ձգտում նաև դատական իշխանությունում մեծամասնություն ձևավորել, «Ազատության» «Ըստ էության» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։

Եսայանը զարմանալի համարեց, որ վարչապետը երկու անգամ կտրուկ քայլեր ձեռնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումներից հետո։ ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

«Բազմաթիվ մտահոգություններ կապված են հենց դատարանների նկատմամբ գործադիր իշխանության ձեռնարկած քայլերի, օրենսդիր իշխանության ձեռնարկած քայլերի, որովհետև, գիտե՞ք, ես զարգացման մեջ երբ որ նայում եմ, երբ որ Դուք արձանագրում եք, որ օրենսդիր իշխանությունն ունի լիազորություն, ստացել է մանդատը ժողովրդից, գործադիր իշխանությունն ունի, իսկ այ դատական իշխանությունը վատն է և պետք է փոխել, սա շատ տխուր հետևությունների է հանգեցնում։ Որևէ քաղաքակիրթ երկրում ընտրությունների արդյունքում պառլամենտում մեծամասնություն ստացած կուսակցությունը երբեք չի ձգտում նաև դատական իշխանությունում մեծամասնություն ձևավորել», - ասաց Եսայանը։

«Ազատության» հարցին, թե «ինչո՞ւ հանրահավաք չէիք անում, երբ Մարտի 1-ի գործով էին քաղաքական գործիչներ դատվում, Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, Գևորգ Սաֆարյանը, Քոչարյանի օրոք Պողոս Պողոսյանն է սպանվել՝ թիկնազորի կողմից նախագահի, պետության հիմքերը խարխլելու էլ ի՞նչ օրինակ լինի, որ նախագահի թիկնազորը մարդ է սպանում, էն էլ Ձեր կուսակից ընկերը», ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. - «Նախագահի թիկնազորի անդամը, երբ որ [Պողոս Պողոսյանը] սպանվել է, կուսակցությունը պահանջել է և դատական պրոցեսը գնացել է, այլ հարց է, որ արդյունքով դատական որոշմամբ Դաշնակցությունը բավարարված չի եղել և բավարարված չէ մինչև հիմա, ինչպես բավարարված չի բազմաթիվ այլ դատական գործերով, և մենք միտինգ էլ ենք արել, բողոք էլ ենք արտահայտել, դատախազության առաջ էլ ենք պահանջել վերանայել գործերը՝ և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ, և՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ»։

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Արմեն Խաչատրյանը հայտարարեց՝ 20 տարի ՀՅԴ-ն իշխանություն է եղել, պարբերաբար ամենաբարձր պաշտոններն է զբաղեցրել, «ինչո՞ւ չի բացահայտել էդ տեռորները»։

Եսայանը ուղղեց՝ 1998-ից մինչև 2018 թվականները ՀՅԴ-ն իշխանություն է եղել ոչ թե 20, այլ ընդամենը 11 տարի։

«Տեսե՛ք, պարոն Եսայան, շատ հետաքրքիր փաստ եմ ասում՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավորը՝ Մնացական Մարտիրոսյանը, որը մինչև Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռ կայացնելն էդ արանքում մոտավորապես 10-12 քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դատավոր է եղել։ Վեթինգի արդյունքում կգտնենք դատավորներ, որոնք 90-ական թվականներից պաշտոնավարում են որպես դատավոր, ու կտեսնենք ինչ ահռելի ունեցվածք ունեն։ Այսինքն՝ ես ուզում եմ ասել, որ էս դատական համակարգի ճգնաժամը, դատաիրավական ամբողջ համակարգի ճգնաժամը դա երեկ չի սկսվել, 20 տարի ու գուցե ավել արմատներ ունի։ ՀՅԴ-ն պարբերաբար ամենաբարձր պաշտոններն է զբաղեցրել 11 տարվա ընթացքում, բացահայտեիք էդ տեռորը, Ձեր ընկերների գործերը, ովքեր 90-ականներին դատվել էին, կարճեիք էդ գործերը, արդարացնեիք, վերականգնեիք արդարությունը, անցումային արդարադատություն իրականացնեիք», - ասաց Արմեն Խաչատրյանը

Բագրատ Եսայանը հակադարձեց՝ նշելով. - «Որ անձերը որ պետք է արդարացվեին, արդարացվեցին»։

«Այսինքն՝ ընդունում եք, որ մնացած մասով մեղավոր էին ու նստած են», - եզրափակեց ՀԱԿ անդամը։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակելուց մեկ օր անց վարչապետ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի առավոտյան 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Հաջորդ օրը Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտարարեց՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․