ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել ներքաղաքական վերջին զարգացումներին

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը:

ՀՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված քաղաքական և իրավական գնահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու «հակասահմանադրական» կոչի հետ կապված:

Կուսակցությունը շեշտում է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ դատական համակարգի հնարավոր բարեփոխումները, պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում և հավատարիմ մնալով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

«Կուսակցությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, միաժամանակ օգտվելով իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներից և հնարավորություններից», - նաև ասված է հաղորդագրությունում:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, քաղաքական դպրոցի գործունեությանը, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին: