Վահե Գրիգորյանը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատավորի որոշումը

9

2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դատարավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Վահե Գրիգորյանը հայտարարեց՝ դատարանն այդ որոշումը չի կայացրել մրցակցային դատավարության սկզբունքների համաձայն, և ամեն ինչ արվել է, որպեսզի այդ որոշումները բողոքարկել չլինի։

Սակայն, ինչպես փաստաբանն ասաց, իրենք որոշումը բողոքարկելու իրավունք ունեն, և իրենց բողոքներն այսօր արդեն պաշտոնապես Վերաքննիչ քրեական դատարանում են։

«Բողոքներն արդեն պաշտոնապես Վերաքննիչ քրեական դատարանում են, և ևս մեկ օրինակ ուղարկված է Սահմանադրական դատարան՝ բացատրություններով, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Բողոքների համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ դատարանն ակնհայտորեն որոշումը կայացրել է կողմի միջնորդության հիման վրա՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Խուդոյանի և Օրբելյանի միջնորդությունների հիման վրա, իր որոշման մեջ ուղղակիորեն հղվել է միջնորդություններում նշված փաստարկներին, այսինքն՝ կայացրել է մի որոշում, որը բողոքարկման ենթակա էր 10 օրվա ընթացքում բոլոր կողմերի կողմից։ Ամեն ինչ արվել է, որպեսզի այդ որոշումները բողոքարկել չլինի», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Բողոքները հետևյալի մասին են, որ մենք լիուլի իրավունք ունենք էս որոշումը բողոքարկել, մենք բողոքարկում ենք դա։ Որոշումը չի կայացվել մրցակցային դատավարության սկզբունքների համաձայն՝ լսումների ընթացքում։ Այսինքն՝ դատավորը վերցրել լսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, նրանց փաստարկները հաշվի առնելով որոշում է կայացրել և որոշման հիման վրա կասեցրել է մի գործ, որը վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ ևս երեք մեղադրյալի և տասնյակ տուժողների, և նրանցից որևէ մեկի դիրքորոշումը դրա վերաբերյալ չի հարցրել, դա բավական չի՝ անմիջապես որոշումը կայացնելիս վերցրել որոշումն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարան ուղարկելով նաև 80 հատոր բնօրինակ գործի նյութերը։ Ինչո՞ւ եմ նշում 80 հատոր բնօրինակ գործի նյութերը, որովհետև, երբ որ դու գործը վերցնում, ուղարկում ես Սահմանադրական դատարան, դա նշանակում է՝ այդ որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը չի կարող այլևս քննել, որովհետև գործն ինքը չի ստանալու, դատարանը պիտի գործն ունենա, որպեսզի կարողանա քննել»։

Գրիգորյանը Սահմանադրական դատարանին տեղեկացրել է, որ որոշումն ինքնին չի համապատասխանում օրենքի պահանջներին։

«Սահմանադրական դատարանին ես տեղեկացրել եմ, որ ինչ է իրավիճակը, որ նախ` որոշումն ինքնին չի համապատասխանում օրենքի պահանջներին, սա այլ հարց է, բայց բացի դրանից` որ իմ կողմը բողոքարկման լիիրավ հնարավորություն պիտի ունենա և ունի էդ հնարավորությունը, մենք բողոքը ներկայացրել ենք, սակայն այդ բողոքի քննությունը պատրանքային ու անարդյունավետ է դառնալու, եթե Սահմանադրական դատարանը հանկարծ դատարանի դիմումն ընդունեց քննության», - ասաց փաստաբանը։

Գրիգորյանը նաև նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու դատավոր Գրիգորյանին։

«Ի դեպ, դատավոր Գրիգորյանը, մենք ասեցինք, բողոքները բերել ենք, մենք ևս ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացնելու դատավոր Գրիգորյանին, տեղյակ եմ, որ դատախազությունն էլ պետք է անի, և ինքնաբացարկի հիմքերից մեկը եղել է այն, որ դատավոր Գրիգորյանն, իր պնդմամբ, 80 հատորներին մանրամասն ծանոթ լինելով հանդերձ, թույլ է տվել, որ անձնական երաշխավորություն ստանձնեն մարդիկ, որոնք այս գործով կարևոր ֆիգուրանտներ են, այսպես կոչեմ՝ ակտիվ վկաներ են, և բազմաթիվ հարցերի պիտի պատասխանեն հայաստանյան արդարադատության առջև դեռևս Մարտի 1-ի գործի շրջանակներում», - ասաց փաստաբանը։

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հարցաքննվե՞լ են նախաքննության փուլում, Վահե Գրիգորյանը պատասխանեց. - «Ես չեմ կարող դա հիմա ասել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.