«Քաղաքականությունն այս դեպքում հաղթում է ֆուտբոլին»

Եվրոպայի լիգայի «Արսենալ» - «Չելսի» եզրափակիչ հանդիպումը մարզական կարևորագույն իրադարձությունից վերածվում է հայ-ադրբեջանական հերթական քաղաքական բանավեճի։

Այն, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի գնա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչին մասնակցելու, հայտնի դարձավ երեկ։ Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ նման որոշում են կայացրել Մխիթարյանի ընտանիքի հետ քննարկում ունենալուց հետո։

Զինագործների ակումբում հաշվի են առել Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:

«Եթե նույնիսկ կա մի տոկոս հնարավորություն, որ Հենրիկի պես կուռքը հայկական ֆուտբոլի կարող է վտանգվել, միանշանակ որոշումը ճիշտ եմ համարում», - ասում է «Հայկական առաջին ճակատ» ֆան ակումբի անդամ Վահե Գասպարյանը:

Եթե Բաքուն ապահովեր Մխիթարյանի անվտանգությունը, «Արսենալի» կիսապաշտպանը կմեկներ Բաքու՝ մասնակցելու այդ կարևորագույն խաղին։ «Հայկական առաջին ճակատ» ֆան ակումբի անդամ Վաչե Մանուկյանի կարծիքով, Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելը շատ կարևոր էր Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայի համար․ - «Մարդու կյանքին վտանգ ա սպասռնում, անվտանգության խնդիրներ կան, և դա հասկանում է թե՛ «Արսենալի» մարզիչը, թե՛ ֆուտբոլիստներն ու թե՛ երկրպագուները: Սա շատ լուրջ խնդիր ա ֆուտբոլի մեջ, քանի որ քաղաքականությունն էս դեպքում մեծ հաշվով հաղթում ա ֆուտբոլին»։

Չնայած պաշտոնական Բաքվից հայտարարում են, թե բոլոր խաղացողների համար ապահովելու են լիաժեք անվտանգություն, հայկական կողմում թերահավատ են։

Վահե Գասպարյան․ - «Կարող է նույնիսկ Ադրբեջանը փորձի ուժերի ներածին չաափով ապահովել, սակայն երաշխիք տալ, որ ներկաներից կամ հանրությունից մեկը չի փորձի ինքնին քայլի դիմել, չի կարող ոչ մեկ երաշխավորել»։

Եվրոպայի լիգային չմասնակցելու վերաբերյալ որոշում ընդունելը հայ կիսապաշտպանի համար դժվար ու ցավոտ է եղել։ Մխիթարյանն այդ մասին Ֆեյսբուքում է գրել՝ նշելով, որ դա այնպիսի խաղ է, որ հաճախ չի լինում ֆուտբոլիսիտի կարիերայում։

Նրա որոշմանն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Մխիթարյանի նախկին մարզիչ Վարդանի Մինասյանը․ - «Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»:

Մխիթարյանի որոշումը պաշտոնական Բաքուն գնահատում է որպես Հայաստանի կողմից իրականացվող սադրիչ քայլ։

Ահա թե ինչպիսի կարծիք է հայտնում մի արդբեջանցի․ - «Դա պարզապես շոու է, որ հայերը բեմադրեցին Ադրբեջանի դեմ: Այդ ամենն արվել է միայն Ադրբեջանին սևացնելու համար: Մխիթարյանը ցանկանում է ցույց տալ, որ Ադրբեջանը չի ապահովի նրա անվտանգությունը»:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանն այսօր «Ժեստ արա» վերնագրով հոդվածում քննադատում է պաշտոնական Բաքվին՝ եզրակացնելով, որ ադրբեջանական կողմը բավարար ջանքեր չի գործադրել Մխիթարյանի և հայկական ազգանուն ունեցող ցանկացած մարդու այցելությունը Բաքու կազմակերպելու համար:

Հոդվածագիրը հիշեցնում է Բաքվում կայացած Եվրոպական խաղերի ժամանակ ծագումով հայ, ուկրաինացի մարզիկը մեդալ է ստացել անձամբ Իլհամ Ալիևից, ով ձեռքի մի շարժումով դադարեցրել էր հայազգի մարզիկին ուղղված սուլոցները:

«Քանի դեռ ժամանակ կա, պետք է ժեստ անել, ցույց տալ ընդունող կողմի արժանապատվությունը և գնդակը պահել հակառակորդի դաշտում»,- գրել է Թուրանը:

Ի դեպ, Մխիթարյանի Բաքու չմեկնելուն անդրադրաձել է նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հայտնելով իր հիսաթափությունը «Արսենալի» որոշման վերաբերյալ․ - «Չնայած մենք ընդունում ենք անձնական որոշում կայացնելու իրավունքը, կցանկանայինք կրկնել, որ Ադրբեջանը որպես ընդունող երկիր ներկայացրել է ՈւԵՖԱ-ի պահանջած բոլոր անհրաժեշտ երաշխիքները պարոն Մխիթարյանի անձնական անվտանգությունն ապահովելու համար»։

«Չելսի» - «Արսենալ» հանդիպումը Բաքվում տեղի կունենա մայիսի 29-ին։