Դատական իշխանությունում խնդիրներ կան և շուտափույթ լուծումներ են պետք. Արդարադատության նախարար

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի վերաբերյալ գնահատական չունի։

«Սա քաղաքական գործընթաց էր, և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ», - նշեց Զեյնալյանը։

Նախարար Զեյնալյանը շեշտեց՝ սա այս թեմայով իր հստակ ու միակ պատասխանն է։

«Ազատության» հարցին՝ եթե իր համար երեկվա գործողությունները՝ առավոտյան դատարանների մուտքերը փակելը, ընդունելի չլինեին, որպես արդարադատության նախարար հրաժարական կներկայացնե՞ր, պատասխանեց. «Չեմ պատասխանում այդ հարցին»։

Իսկ թե հիմքեր կա՞ն հրաժարական ներկայանցելու, պատասխանեց. «Ոչ»։

Դատական իշխանությունում խնդիրներ կան և շուտափույթ լուծումներ են պետք, շեշտեց արդարադատության նախարարը։ - «Միշտ հրատապ է եղել, հիմա ավելի հրատապ է անցումային արդարադատության իրականացնելը, որովհետև ժամանակը շատ կարճ է, մենք պետք է ստեղծենք անկախ, անկողմնակալ, անաչառ, ինչպես ասվեց, ոչ խամաճիկ դատարաններ», - ընդգծեց Զեյնալյանը։

Վարչապետ Փաշինյանի առաջարկած վեթինգի՝ դատավորների զտման գործն, ըստ նախարարի, Հայաստանում պետք է իրականացվի առանց որևէ կոնկրետ դատավորի թիրախավորելու։

«Սա նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված չի և այս մտավախությունը, որը դուք ունեք, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի փարատվի այն օրենսդրական դաշտով, որը պատրաստում ենք ներդնել», - ասաց Արտակ Զեյնալյանը։

Խորհրդարանն սկսել է դատավորների վեթինգի նախագծի մշակումը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ՝ խորհրդարանն սկսել է վեթինգի նախագծի մշակումը, բայց առայժմ մանրամասներ չի ասի։

«Նույնիսկ ուրվագծվող բաների մասին չեմ ուզում ասել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում, մենք կունենանք նախագիծ», - նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

«Վեթինգը պետք է իրականացվի առանց մարդու իրավունքի ոտնահարման»

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյան

Ամիսներ առաջ փորձագիտական խումբը կառավարությանն առաջարկներ էր ներկայացրել Անցումային արդարադատության գործիքների՝ նաև վեթինգի վերաբերյալ։ Խմբի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյանն ասում է՝ վեթինգային հանձնաժողովի մասին օրենքի ընդունումից հետո պետք է ձևավորվի բուն հանձնաժողովը, իսկ այդտեղ ներգրավված մարդիկ ընտրվեն բծախնդրությամբ։

«Որպեսզի իրենք վեթինգ անեն, նախ իրենք պետք է վեթինգով անցնեն, ընտրվեն, այսինքն բարեխղճության տարրերը պետք է տրվի», - ասաց Զադոյանը։

Կարծում է 2-3 ամսից կարելի է սկսել մաքրումները դատավորների շարքերում, ուսումնասիրել բոլորի պաշտոնավարման շրջանները։

«Վեթինգը ինչի՞ համար է, մենք ինչի՞ ենք ստուգում այդ անհամապատասխանությունը, դա ստուգում ենք, որպեսզի դատարանը դարձնենք առավել անկախ, դատարանը դարձնենք առավել արդյունավետ», - ընդգծեց Կարեն Զադոյանը։

Ըստ Զադոյանի՝ վեթինգի կանոներով, շարքերից պետք է հեռանան կոռուպցիոն սխեմաների մեջ թաթախված, անօրինական գույք ու եկամուտ կուտակած, էթիկայի նորմերը խախտած ու մասնագիտական բարձր որակներ չունեցող դատավորները։

Թե ո՞ւր պետք է հեռանան, պատասխանեց. «Ինքը պատասխանատվության պետք է չենթարկվի վեթինգի շրջանակներում, ուղղակի պետք է լքի պաշտոնը»։

Կարեն Զադոյանը հատուկ ընդգծում է՝ մաքրում-վեթինգը պետք է իրականացվի առանց մարդու իրավունքի ոտնահարման։ «Երկու կարևորագույն սկզբունք պետք է պահպանվի, դա խտրականության բացառումն է և կամայականության բացառումը», - նշեց նա։

Փորձագետի կարծիքով՝ վեթինգը արտառոց մի բան չէ, կիրառվել է տարբեր երկրներում՝ այն կարող է դիտարկվել որպես ատեստացիա դատավորների համար, թեսթը չեն հանձնում՝ գնում են տուն։ Այսօր Հայաստանում 234 դատավոր է գործում, կան նաև թափուր տեղեր։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի պատասխանատուի տեղեկացմամբ՝ այս պահին վարչապետի հորդորին հետևած ու հրաժարական ներկայացրած դատավորներ չկան։