Այսօր Վանաձորում «Ազատության» հարցին ի պատասխան նախարարն ասաց․ - «Որպես Պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»:
Երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»։ Երկրի ղեկավարն ասել էր, որ վերլուծելով իրավիճակը, դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:
Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին նախարարն արձագանքեց․ - «Ռազմական գործողությունները հնարավոր է, որ իրականացվեն տարբեր պատճառներով: Հնարավոր է»:
Պաշտպանության նախարարն այսօր Վանաձորում մասնակցում էր բնակարանամուտի արարողության։ Շահագործման հանձնվեց նախարարության միջոցներով վերակառուցված քառահարկ բնակելի շենքը, որը կիսաքանդ վիճակում էր խորհրդային տարիներից ի վեր։ Վանաձորի զորամասերից մեկի 48 սպաները կապրեն բարեկարգ պայմաններում։ Շենքի վերակառուցման վրա նախարարությունը ծախսել է 320 միլիոն դրամ։
Դավիթ Տոնոյանն ասաց, որ ծրագիրը շարունակական է լինելու․ - «Սրանով մենք գրեթե ամբողջության լուծում ենք Վանաձորում ծառայողական ֆոնդի կարիք ունեցող սպայական անձնակազմի խնդիրը: Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ մեր այս հաջողությամբ կանգ առնելու մտադրություն չունենք, քանի որ զինծառայողների բնակկենցաղային պայմանների բարելավման խնդիրները և ընդհանրապես սոցիալական ապահովման խնդիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում»:
Նախարարը շեշտեց, որ հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է զինծառայողների աշխատավարձը։ Պահուստային ֆոնդից 5,7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։
Տոնոյանը նշեց, որ Երևանում հաշմանդամություն ունեցող զինծառայողներ և զոհված ու մահացած զինվորների 55 ընտանիքներ անհատույց, սեփականության իրավունքով նորակառույց շենքում բնակարաններ կստանան առաջիկա օրերին։