Միանձնյա, փողոցային պայքարի քայլերով ու կարգախոսներով անցումային արդարադատություն ներդնել անհնար է․ «Ժառանգություն»

«Ժառանգության» ղեկավար Անդրանիկ Գրիգորյան, արխիվ

Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է, սակայն այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին, արձանագրում է «Ժառանգություն» կուսակցությունը իր այսօրվա հայտարարությունում:

«Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - նշում է «Ժառանգություն»-ը՝ շարունակելով․ - «Քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարևորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում»:

Համոզմունք հայտնելով, որ «միանձնյա, փողոցային պայքարի՝ դիպվածային և կասկածելի օրինականություն ունեցող քայլերով ու կարգախոսներով անցումային արդարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է. դրանց հաջող գործարկման համար հանրային-քաղաքական ներգրավվածությունը և համերաշխությունը պարտադիր պայման են», «Ժառանգություն»-ը կոչ է անում վարչապետին «զերծ մնալ արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազագային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության»:

«Ակնկալում ենք խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպում՝ օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը և սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը», - ասված է հայտարարությունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կիրակնօրյա կոչին հետևելով՝ երեկ քաղաքացիները վաղ առավոտից արգելափակել էին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Երեկ Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտարարեց, թե եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: