Ըստ նախնական համաձայնության, ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա մայիսի 22-ին. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Ըստ «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռք բերված նախնական համաձայնության, Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին», - գրել է Մարուքյանը:

Ընդդիմադիր խմբակցությունում կարծում են, որ Ազգային ժողովը պետք է իր արձագանքը տա վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կիրակի երեկոյան արած կոչին, դրան հաջորդած իրադարձություններին և արդարադատության համակարգում լրջագույն փոփոխություններ անելուն:

Երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ իրենք չեն միանա «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնած՝ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: