Բրենթոն Թարանթը պաշտոնապես մեղադրվեց ահաբեկչության մեջ

Բրենթոն Թարանթը քաղաքային դատարանում, Քրայսթչըրչ, Նոր Զելանդիա, 16-ը մարտի, 2019թ.

Նոր Զելանդիայում՝ Քրայսթչըրչ ավանում, երկու մզկիթների վրա արյունալի գրոհ իրականացրած ավստրալացի Բրենթոն Թարանթին այսօր պաշտոնապես ներկայացրել են ահաբեկչության մեղադրանք:

Նա մեղադրվում է մարտի 15-ին ահաբեկչական գործողության միջոցով 51 մարդու սպանության և 39 մարդկանց սպանելու փորձի մեջ:

Ահաբեկչության մեղադրանքով անձը Նոր Զելանդիայում կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:

Թարանթի իրականացրած գրոհն ամենաարյունալի զանգվածային սպանդն է Նոր Զելանդիայի պատմության ընթացքում:

Այդ հարձակումից շաբաթներ անց Նոր Զելանդիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել ինքնաձիգ կամ կիսաինքնաձիզ հրազեն պահելու իրավունքը և զենքի վերաբերյալ լրացուցիչ սահմանափակումներ է հաստատել:

28-ամյա Բրենթոն Թարանթը «սպիտակամորթների գերիշխանության» թեզի ջատագով է և մերժում է այլազգիների ու, մասնավորապես, մահմեդականների ներգաղթի գաղափարը: Հաջորդ անգամ նա դատարան կբերվի հունիսին: