Երեկ՝ երկրի նախագահ, այսօր՝ հյուսն ու այգեգործ: «Կարևորը՝ զբաղվես մի գործով, որը նպաստ կբերի քո երկրին», - վստահ է Վրաստանի նախկին առաջնորդ Գիորգի Մարգվելաշվիլին:
Հինգ տարի նախագահելուց հետո՝ անցած տարի, 49-ամյա Մարգվելաշվիլին ոչ միայն երկրորդ անգամ չառաջադրվեց, այլև՝ հեռացավ մեծ քաղաքականությունից:
«Ես փորձում եմ նախադեպ ստեղծել այս երկրում և ցույց տալ, որ քաղաքականությունից հետո էլ կյանք կա, երբ զբաղվում ես ինչ-որ հանրօգուտ բանով՝ հանուն հասարակության, հանուն քեզ շրջապատող մարդկանց... ամենևին էլ պարտադիր չէ, որ դա կապված լինի բարձր պաշտոնական դիրքի կամ կոչումների հետ, կարևորն այն է, որ գործդ հարգանք ներշնչի ընտանիքիդ, ընկերներիդ ու նպաստի քո ինքնազարգացմանը», - ասել է Վրաստանի նախկին նախագահը։
Անցած տարի, երբ Մարգվելաշվիլիի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտվեց, շատերն էին վստահ, որ նա կփորձի շարունակել պաշտոնավարումը, կամ գոնե կմնա քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով, որ մինչ այդ աշխատել էր որպես կրթության նախարար:
Մարգվելաշվիլին, սակայն, բոլորովին այլ ճանապարհ ընտրեց. նախկին նախագահը մոտ մեկ տարի է՝ ապրում է Թբիլիսիից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող իր ծննդավայրում՝ արվարձանային Դուշեթի քաղաքում, դասախոսում է համալսարանում, ազատ ժամանակ էլ զբաղվում ատաղձագործությամբ ու փայտագործությամբ։
«Ամենահետաքրքիրն էր գտնել փայտի կտորներ, որոնց օգնությամբ հնարավոր էր վերականգնել հնամենի կահույքի վնասված մասերը: Այդպես, օրինակ, ես նորոգեցի այս գլխամասը, բացի այդ, պատրաստեցի մահճակալի երկաթյա, շատ ամուր կմախք, և այդ ամենին տվեցի միասնական տեսք ու փայլ», - ասել է Վրաստանի նախկին ղեկավարը։
Մարգվելաշվիլին պետության կողմից թոշակ չի ստանում՝ տարիքը չի լրացել, նախագահական նստավայրից դուրս գալուց հետո էլ կնոջ ու երկու երեխաների հետ ապրում է համեստ, երկու հարկանի առանձնատանը: Նա ասում է, որ խնայողություններ չունեն, եկամտի միակ աղբյուրն էլ, մինչև վերջերս, իր դասախոսական աշխատավարձն էր:
Ընտանիքի բյուջեն ավելացնելու համար, մի քանի ամիս է՝ նախկին նախագահը Airbnb հավելվածով վարձով է տալիս իր առանձնատան կողքին կառուցած, մեկ ննջասենյակ ունեցող փոքրիկ տնակը՝ գիշերակացը 80 դոլարով: Հյուրերին անձամբ է դիմավորում ու ճանապարհում։
«Սա շատ հետաքրքիր ու հարուստ փորձառություն է, երբ կողքինիդ հետ կիսվում ես այն ամենով, ինչը քեզ է դուր գալիս: Սպասեք՝ ցույց տամ՝ ինչ կարծիքներ են թողել հյուրերս մեր մասին, ինչ են գրել այստեղի բնության մասին, ինչքան են հավանել իմ արած գործը: Դա իսկապես ինձ շատ է ոգևորում», - ասել է Մարգվելաշվիլին:
Տարիներ առաջ աշխարհի առաջնորդների հետ բանակցող, երկիրը ներկայացնող Մարգվելաշվիլին վստահեցնում է՝ մեծ քաղաքականությունը չի կարոտում և վայելում է խաղաղ երեկոները հինգ տարի շարունակված լարված աշխատանքից հետո:
Մասնագիտությամբ պատմաբան, քաղաքագետ Մարգվելաշվիլին ատաղձագործությունից ու փայտագործությունից բացի ծրագրում է առաջիկայում նաև ձիաբուծությամբ ու գինեգործությամբ զբաղվել։
«Իմ պաշտոնավարման տարիները շատ լարված էին, հիմա ես ուղղակի վայելելու եմ այս հանգիստ կյանքն ու խաղաղ միջավայրը», - շեշտել է Վրաստանի նախկին նախագահը: