Զելենսկին խնդրել է Վաշինգտոնի աջակցությունը Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության արարողության ժամանակ, Կիև, 20-ը մայիսի, 2019թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը խնդրել է Վաշինգտոնին շարունակել աջակցությունը Կիևին Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում և նորից խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ։

Երեկ՝ երդմնակալության օրը, Զելենսկին հանդիպել է Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերին, Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը և սենատոր Ռոն Ջոնսոնը երեկ Ուկրաինայում մասնակցել են նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, որից հետո կայացել է նրանց հանդիպումը Զելենսկու հետ։

Հանդիպմանը Ուկրաինայի նախագահը նախ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի ամենալուրջ գործընկերն է առաջին հերթին ռուսական ագրեսիան հաղթահարելու հարցում։ Զելենսկին խոստովանել է, որ ինքնուրույն Կիևը չի կարող հաղթահարել ռուսական ագրեսիան, և կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ շարունակել աջակցությունն Ուկրաինային այս հարցում։

Զելենսկին նաև հայտարարել է, որ անկախ Դոնբասում տեղի ունեցող զարգացումներից, բարեփոխումները երկրում պետք է իրագործվեն Դոնբասում հակամարտության կարգավորմանը զուգահեռ։

Ուկրաինայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինան եվրոպական երկիր է, և ժողովրդավարական բարեփոխումների համար Միացյալ Նահանգներն է օրինակ ծառայում Ուկրաինայի համար։

Հավելենք նաև, որ հանդիպմանը Զելենսկին մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հույս է հայտնել։

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի է ունեցել երկրի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը։

Հավելենք նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զելենսկուն չի շնորհավորել։