Ըստ փաստաբանների՝ Քոչարյանի գործի վարույթը կասեցվել է և ուղարկվել ՍԴ

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է 2008-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով վարույթը։

Փաստաբաններն «Ազատությանը» փոխանցեցին, որ այսօր զանգ են ստացել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից, որտեղից իրենց հայտնել են, որ դատարանը կասեցրել է Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

«Ազատության» հետ զրույցում Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ դեռ չի հասցրել ծանոթանալ ողջ որոշմանը, բայց որքան որ ծանոթացել է, դատավոր Դավիթ Գրիգորյանը Սահմանադրական դատարանին խնդրել է ստուգել սահմանադրական կարգը տապալելու մասին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

«Որոշումը նոր ենք ստացել, թռուցիկ այն ուսումնասիրելով նկատում ենք, որ այնտեղ խոսքը գնում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցին», - նշեց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են հայտարարել, որ այս հոդվածը չի կարող տարածվել մեղադրյալների վրա, քանի որ 2008-ին այն նման հանցակազմով գոյություն չուներ և միայն 2009-ի քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այս հոդվածը ներառվել օրենքում։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ դատավոր Դավիթ Գրիգորյանն իրենց որևէ տեղեկատվություն չի հաղորդել։ Քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն էլ ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ իր վստահորդների անունից՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում․ - «Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ»։

Անցած շաբաթ օրը դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց փոփոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքը և նրան ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորության դիմաց։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ավելի ուշ իր «Ֆեյսբուքի» էջում տարածել է դատավոր Դավիթ Գրիգոյանի որոշման պատճառաբանական մասը։ Ըստ այդմ, դատարանը նշում է, որ
դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների և Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև առկա է անհամապասխանության կասկած և անհրաժեշտություն կա պարզել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

«Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում»,- նշված է որոշման մեջ։ Միաժամանակ, Դավիթ Գրիգորյանը կիսում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի այն դիրքորոշումը, ըստ որի պարտադիր չէ, որ նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինիս կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ:

Ըստ այդ, դատավոր Դավիթ Գրիգորյանը եզահանգում է, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող արարքները վերաբերում են որպես նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին։ «Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից»,- իր որոշման պատճառաբանական մասն է ամփոփում դատավոր Դավիթ Գրիգորյանը։