Ըստ փաստաբանների՝ Քոչարյանի գործի վարույթը կասեցվել է և ուղարկվել ՍԴ

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբաններն «Ազատությանը» փոխանցեցին, որ այսօր զանգ են ստացել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից, որտեղից իրենց հայտնել են, որ դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։