ԲԴԽ նիստը չի կայացել, քանի որ Գագիկ Հարությունյանը չի կարողացել մասնակցել վարչապետի գումարած խորհրդակցությանը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը թեև առավոտյան անարգել մտավ աշխատավայր, սակայն ցուցարարները նրան չթողեցին շենքից դուրս գալ և մեկնել Կառավարություն՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը:

Հենց այս պատճառով է, որ չկայացավ նախապես ծրագրված խորհրդի նիստը, որը, ինչպես հայտարարել էր Հարությունյանը, պետք է կայանար այդ խորհրդակցությունից հետո: Այս մասին լրագրողներին հայտնեց ԲԴԽ խոսնակ Արման Խաչատրյանը:

Այդուհանդերձ խորհրդի անդամները Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքներն ու ելքերը բացելու կոչից հետո շտապել էին աշխատավայր:

Նրանից շատերը հրաժարվեցին լրագրողների հետ շփվել: Անպատասխան մնաց «Ազատության» հարցը, թե արդյոք ԲԴԽ նախագահը և անդամները հրաժարական կտան վարչապետի ելույթից հետո:

Խորհրդի անդամներից արձագանքեց միայն Անի Մխիթարյանը․ - «Քայլերի մասին կտեղեկանաք դուք»:

Նախօրեին ուշ երեկոյան, երբ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ քաղաքացիներին կոչ արեց առավոտից փակել դատարանների մուտքերն ու ելքերը, ԲԴԽ-ն հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասված էր, որ անընդունելի են համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը և կոչ անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն:

Խորհրդի մեկ այլ անդամ՝ Հայկ Հովհաննիսյանը, որը, ի դեպ, այսօր հեծանիվով եկավ աշխատավայր, երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ իր անհամաձայնությունն էր հայտնել խորհրդի հայտարարության որոշ կետերին: ԲԴԽ անդամը չի կարծում, թե վարչապետի կոչն ուղղված է «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Ըստ նրա, հակառակը, սա ազգային համախմբման կոչ էր, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։

Արդեն ԲԴԽ-ի շենքի բակում Հայկ Հովհաննիսյանը վերահաստեց իր խոսքերը՝ ընդգծելով, թե որևէ հակասահմանադրական գործողություն տեղի չի ունեցել: Ավելին՝ վարչապետը դեռ ուշացած է դիմում այս քայլին․ - «Հիմա ի վերջո ուշադրությունը գործադիրի և օրենսդիրի սևեռում է դատական իշխանության իրական, արմատական, խորքային փոփոխությունների վրա, որը ողջունելի է, ու պետք է բոլորս աջակցենք: Եվ ոչ միայն աջակցենք, այլև առաջնորդենք այդ փոփոխությունները, որոնք երբեմն կարող են լինեն վիրահատական, ինչպես ես երեկ նշել էի»:

Հայկ Հովհաննիսյանը դեռ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: Նրա խոսքով, ինքը հիմա կարևոր գործ է անում՝ էլեկտորանային արդարադատության հայեցակարգի վրա է աշխատում, որը ներդրվելու դեպքում դատական համակարգը կբարեփոխվի՝ կարագացվեն դատական գործընթացները, կլինեն առավել թափանցիկ․ - «Ես ունեմ շատ անելիքներ: Բայց եթե կլինի հանրային պահանջ, ես նույն վայրկյանին հրաժարական կտամ: Որևէ խնդիր չեմ տեսնում»:

Հնչող մեղադրանքներին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չի վերահսկում դատական համակարգում տիրող բարձիթողի վիճակը, Հայկ Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Կառույցը քննչական ֆունկցիաներ չունի»:

Հարցին, թե արդյոք խորհուրդը վերահսկողական լիազորություններ չունի, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Շատ լավ հարց եք բարձրացնում: Ոչ, չունի վերահսկելու իրավազորություն, և սա մեր Դատական օրենսգրքի խնդիրներից մեկն է, որը պիտի մենք հասկանանք՝ ճի՞շտ է, թե՞ չէ: Մեզ էլ է ցավ պատճառում: Մենք հարյուրավոր բողոքներ ենք ստանում, որտեղ մենք ինքներս տեսնում ենք, որ խնդիր կա, քաղաքացու հնչեցրած հարցում կա իրավունքների հիմնարար խախտում, վարքագծային կանոնի առերևույթ խախտում և այլն, և այլն: Բայց մենք Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով լիազորություն չունենք որևէ բան անելու այդ պահին: Միակ բանը, որ մենք կարողանում ենք անել, պարզապես վերահասցեագրում ենք այդպիսի դիմումները և նամակները կա՛մ Կարգապահական հարցերի հանձնաժողով, կա՛մ Արդարադատության նախարարին»:

Արդյո՞ք եթե կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին վերաբերող բողոք ստանային, ոչինչ չէին կարող անել: Այս հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Եթե ուղղակի բողոք գա, ոչինչ չենք կարող անել: Պիտի գա հարուցված կարգապահական վարույթի մասին որոշում կա՛մ Կարգապահական հանձնաժողովից, կա՛մ Արդարադատության նախարարից»:

10 անդամ ունեցող Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով, պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն է Հանրապետության նախագահին առաջարկում դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հարցերը, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը: