Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցնում Իրանի հասցեին

«Եթե Իրանը ցանկանա պատերազմել, դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը». անցած գիշեր Twitter-ում այսպիսի գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով․ - «Երբեք մի սպառնացեք Միացյալ Նահանգներին»:

Դրան ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է․ - «Թրամփը ցանկանում է հասնել մի նպատակի, որ չեն կարողացել իրագործել Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզ խանը և մյուս ագրեսորները: Իրանը մնայուն է եղել հազարամյակներ շարունակ, իսկ բոլոր ագրեսորները գնացել են: Տնտեսական ահաբեկչությունն ու ցեղասպանական ակնարկները Իրանի վախճանի պատճառ չեն դառնա»:

ԱՄՆ-ի ներսում Թրամփի ընդդիմախոսները ևս քննադատում են Իրանին վերաբերող նրա հայտարարությունները:

«Երբ դու դիմում ես նման լուրջ գործողությունների, չպետք է զարմանաս, որ հետախուզական ծառայությունները սկսում են հաղորդել Մերձավոր Արևելքում լարվածության աճի մասին: Թրամփի գործողությունները Իրանի հետ բախումը ավելի հավանական են դարձնում», - նշել է Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը: