Գլխավոր դատախազը հանձնարարել է այսօրվա գործողությունների վերաբերյալ հաղորդումներն ուղարկել դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել Գլխավոր դատախազություն: Նպատակը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը, դրանք Հատուկ քննչական ծառայություն ուղարկելն է, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելը և իրավական գնահատականի արժանացնելը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Հետևելով կառավարության ղեկավարի կոչին՝ քաղաքացիներն այսօր արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը և ակցիան դադարեցրին միայն վարչապետի նոր կոչից հետո՝ ժամը 13:30-ից: