Առավոտյան կոտրվել են Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանի շենքի ապակիներ:
«Ազատության» հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ ապակիները կոտրվել են, երբ դատավորը փորձել է պատուհանից ներս մտնել:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ապակիները կոտրել են շենքի մուտքերն ու ելքերն արգելափակող քաղաքացիները:
Դատական կարգադրիչը, ով ներկայացավ որպես «Աջափնյակի բաժնի պետ Սահակյան», վստահեցրեց, որ քաղաքացիները ապակիների կոտրվելու հետ որևէ կապ չունեն:
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորեց չխոչընդոտել դատավորների և աշխատակիցների մուտքը դատարան, սակայն նրանք հակադարձեցին, որ հետևում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
Ակցիայի մասնակիցները ծածկագրով փական կախեցին նույն շենքում գտնվող՝ Աջակցություն դատապարտյալին հիմնադրամի մուտքին՝ պնդելով, թե հնարավոր է՝ դատավորները և աշխատակիցներն այնտեղից մուտք գործեն դատարան: Սակայն կարգադրիչները խնդրեցին բացել դուռը՝ հավաստիացնելով, որ հիմնադրամի տարածքից դատարանի տարածք մուտք չկա, և դուռը փակ մնալու դեպքում դատապարտյալներն ուղղակի քաղցած կմնան: Դուռը բացեցին, և կարգադրիչների պնդումը հաստատվեց՝ երկու տարածքների միջև կապ իրոք չկար:
Դատավորները կամ դատարանի աշխատակիցները չեն փորձում մուտք գործել դատարանի շենք, համենայն դեպս՝ վերջին մեկ ժամվա ընթացքում:
Այստեղ են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ավելի ուշ ժամանեց նաև Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:
Խորհրդարանի փոխխոսնակը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իրականացվող ակցիայի մեջ որևէ հակասահմանադրական բան չկա:
«Ինչպես տեսնում եք՝ բոլորը խաղաղ կանգնած են», - ասաց Նազարյանը:
«Ազատության» հարցին, թե արդյոք սա ճնշում չէ՞ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ՝ հաշվի առնելով վարչապետի կոչը, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց․ - «Բացարձակ ոչ մի ճնշում չի ցուցադրվում, մենք մեր բողոքն ենք արտահայտում, մենք ակնկալում ենք, որ դատական համակարգը պետք է իրական, խորքային ռեֆորմների ենթարկվի, և դա պետք է արվի հենց դատական մարմինների մասնակցությամբ և իրենց կողմից նաև առաջարկներով»:
Հարցին էլ՝ այս ճանապարհը կօգնի՞, Լենա Նազարյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ՝ այո: Դե սա բողոքի ակցիա է դատարանի դիմաց և, այո, պետք է որ ազդեցություն ունենա, որովհետև, նորից եմ ասում, խնդիրը այս կամ այն որոշումը չէ, խնդիրը այն է, որ բոլոր կողմերը, անկախ նրանից, թե որ կողմն են և ինչ կարծիքներ, տեսակետներ ունեն, մնում են գոհ կամ դժգոհ: Էլի կարող են գոհ կամ դժգոհ մնալ, բայց գոնե բոլորի կողմից չհնչեն դատական համակարգի հանդեպ անվստահության կոչեր»:
Դիտարկմանն էլ՝ «ասում են՝ իրավական ճանապարհով փորձեք բարեփոխել դատական համակարգը», ԱԺ փոխխոսնակն արձագանքեց․ - «Դե իրավական ճանապարհով է լինելու, այսպես թե այնպես իրավական ճանապարհով է լինելու, սա էլ է իրավական ճանապարհ, և ժամը 12-ին, երբ վարչապետը կխոսի, իր հայտարարության մեջ ամբողջ իրավական ճանապարհի քարտեզն է ներկայացված լինելու»:
«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք որևէ հակասահմանադրական քայլ չեք տեսնում:
Լենա Նազարյան․ - Բացարձակ, ի՞նչ է տեղի ունենում որ, պարզապես կանգնած ենք՝ մեր բողոքն ենք արտահայտում:
«Ազատություն»․ - Կազմալուծված է դատական համակարգի աշխատանքը, օրինակ:
Նազարյան․ - Կազմալուծված չի բոլորովին, որևէ խոչընդոտ չկա: Եթե ուզում են, թող գան աշխատեն:
«Ազատություն»․ - Թույլ կտա՞ն բայց ներս մտնել:
Նազարյան․ - Քաղաքացիները կորոշեն: