Հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մարդիկ այսօր առավոտից արգելափակում են դատարանների շենքերի մուտքերը:
Ժամը 8:30-ից արգելափակված է, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մուտքը: Այստեղ, հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը շաբաթ օրը հրապարակեց իր որոշումը, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:
Դատարանի շենքի բոլոր մուտքերը քաղաքացիները փակել են, այնտեղ նաև մեքենաներ կան կայանված: Նպատակն է՝ թույլ չտալ, որպեսզի դատավորները, դատարանի աշխատակիցները մուտք գործեն շենք:
Ցուցարարների թվում է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում գործունեությունը վարչապետի հրամանով կասեցված է: «Ազատության» հետ զրույցում Սանասարյանը հայտարարեր, որ սա հեղափոխության հերթական փուլն է՝ ուղղված դատական համակարգի առողջացմանը: Նա չի դիտարկում սա որպես իշխանության թևերի միջամտություն միմյանց գործունեությանը:
Այստեղ է նաև Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով հայտարարեց, որ եկել է որպես պատգամավոր, ով ցանկանում է լինել իր ընտրողների կողքին, քանի որ ընտրվել է հենց այս ընտրատարածքից:
Այստեղ է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: Նա նշեց, որ վարչապետի երեկվա ելույթից հետո քնարկում չի եղել, թե մասնակցելո՞ւ են արդյոք բողոքի ակցիային կուսակցության այն ներկայացուցիչները, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցնում:
Քաղաքացիների թիվը դատարանի շենքի դիմաց գնալով ավելանում է: Ոստիկանությունը որևէ կերպ չի խոչընդոտում ակցիայի մասնակիցների գործողությունները, միայն փորձում է կարգավորել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այսօր ժամը 12:00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ ու փորձելու է տալ բոլոր հարցերի պատասխանները: