«Լուսավոր Հայաստանը» հորդորում է վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։

«Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը», ֊ ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։

«Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները։ Նաև կոչ ենք անում ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ», ֊ նաև ասված է ԼՀԿ հայտարարությունում։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակելուց մեկ օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20֊ին, առավոտյան 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։