Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վաղն առավոտից դատարանների մուտքերն արգելափակելու կոչին՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարում է՝ «ամենայն համոզումով գտնում ենք և արձանագրում, որ վաչապետի՝ ժողովրդին ուղղված կոչը անդառնալի հետևանքներով հղի նոր մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը»։
«Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների լուծմանը։ Այն համոզումն ունեինք, որ երկրի քաղաքական իշխանությունը և հատկապես վարչապետ Փաշինյանը քաղաքական կամք կդրսևորի և համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ երաշխավորելու պետական իշխանության առանձին մարմինների և հատկապես իրավապահ համակարգի անխափան գործունեությունը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։ Ավաղ, մեր սպասելիքները չարդարացան»,- հայտարարում է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը։
Դաշնակցությունը վարչապետի կոչը համարում է «Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունը արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ»։
Դաշնակցությունը նաև կոչ է անում ժողովրդին չգնալ սադրանքների, քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը՝ աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը, դատվորներին՝ չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։
«Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը»,- ասված է հայտարարությունում։
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակելուց մեկ օր անց վարչապետ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի առավոտյան 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։