Թեհրանը կոչ է անում «փրկել միջուկային համաձայնագիրը»

Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Վանգ Յին, Պեկին, 17-ը մայիսի, 2019թ.

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրներին կոչ է արել «ձեռնարկել հստակ միջոցներ և փրկել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը»: Այդ մասին Զարիֆը հայտարարել է երեկ Պեկինում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հանդիպման ընթացում:

Իրանը 2015 թվականի համաձայնագիրը կնքել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստաանի և Ռուսաստանի հետ: Այդ պայմանագրով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ակտիվությունը և նոր հրթիռներ ստեղծելու աշխատանքները: Միջազգային գերտերություններն էլ խոստացել են աստիճանաբար չեղարկել տնտեսական պատժամիջոցները և վերականգնել առևտուրը Թեհրանի հետ:

Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, անցյալ տարվա մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

Թրամփի համոզմամբ, Իրանն այդ համաձայնագրով ընդամենը փորձում է ժամանակ շահել միջուկային զենք ստեղծելու համար: