Ծնողները կրկին բարձրաձայնում են իրենց դժգոհությունը առաջին դասարանցիների առցանց գրանցման համակարգից

Երեկ առաջին անգամ գործարկված օնլայն գրանցման համակարգով արդեն 9000-ից ավելի առաջին դասարանցի է հայտագրվել՝ նախատեսվածի շուրջ 70 տոկոսը:

Այդուհանդերձ դժգոհող ծնողների հոսքը դեպի Կրթության և գիտության նախարարություն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն չի դադարում։

Մեկը բողոքում է երեկ առավոտյան համակարգում առաջացած տեխնիկական խնդիրներից, մյուսը՝ թե երեխային իրենց ուզած դպրոցում գրանցել չի ստացվել:

Էլեն Իսահակիսը ընդհանրապես համակարգի մասին բավարար տեղեկացված չի եղել․ - «Սխալ հայտարարություն են պատին փակցրել: Ինձ ասեցին, որ նայեք հայտարարությունն ու էդ հղումով մուտք կգործեք ու կգրանցեք: Երեկ, որ ասել էին ամիս 15-ին, առավոտվանից մուտք եմ գործում էդ կայք ու չի ստացվում: Այսօր աշխատանքս ստիպված թողել եմ, զանգեցի դպրոց, ասեցին տեղ չկա»:

Հուզված կինն իր դստերը ցանկանում էր գրանցել Երևանի թիվ 161 անգլիական թեքումով դպրոցում: Ասում է, թե ամեն օր չէր կարող գնալ դպրոց և տեսնել ինչ են հայտարարում․ - «Ասենք կարող ա ես էնպիսի մամա եմ, որ ինտերնետից գաղափար չունեմ, այսինքն երեխեն պիտի մնա փողոցու՞մ»:

Էլեն Իսահակիսի խոսքով, իրեն առաջարկել են տնօրենի դեմ դիմում-բողոք գրել․ - «Շատ կոպիտ, գռեհիկ մի տարիքով կին ա: Տարիքը հարգելով ձեն չեմ հանում: Ինձ ասեց՝ ծնող ջան, գնա 65 դպրոցում տեղ կա: Էդ ծնողը շատ լավ գիտի, թե որ դպրոցում ինչի տեղ կա: Եթե ես ընտրել եմ էս դպրոցը, ուրեմն ուզում ես էս դպրոցը»:

Ծնողը հայտնեց, որ աղջկան վճարովի դպրոց է տանելու, և արցունքն աչքերին հեռացավ։

Համակարգը մշակած Կրթական տեխնոլոգիակաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Փողոսյանն ասում է, թե 9000-ից ավելի երեխաների գրանցումն արդեն իսկ մեծ հաջողություն է․ - «Համակարգն իր առջև դրված մեծ խնդիրը լուծել է: Իհարկե մենք հասկանում ենք, որ կան դժգոհություններ, կան ծնողներ, որոնք չեն համակերպվում էս համակարգի ստեղծման հետ»:

Նրա խոսքով, համակարգը որևէ նոր խոչընդոտ չի ստեղծել, փոխարենը հնարավորություններ է տվել․ - «Գոյություն ունեն դպրոցներ, որտեղ մարդիկ նույնիսկ ժամանակին չեն էլ երազել, որ իրենց երեխային կարող են տանել, որովհետև իմացել են, որ եթե գնայիր այդ դպրոց, թեկուզ փետրվարին, քեզ կասեին՝ մինչև երեք տարի հետո մեր բոլոր տեղերը զբաղված են: Եվ հիմա շանս ա առաջացել էդ դպրոցում հայտագրվելու, և մարդիկ հայտագրվել են»:

Երեկ համակարգի մեկնարկին տեխնիկական խնդիրներ ծագեցին, որի պատճառով բազմաթիվ ծնողներ փաստի առաջ կանգնեցին:

Պողոսյանի խոսքով, այդ քաղաքացիների հարցը նախարարությունում քննարկել են․ - «Այդ դեպքերը մանրամասն կուսումնասիրվեն և կառաջարկվեն արդարացի լուծումներ ծնողների համար»:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը պնդում է, որ այն ծնողները, որոնք չեն հասցրել երեխաներին իրենց ուզած դպրոցում գրանցել, տեխնիկական խնդիրների հանգամանքը իրենց օգտին ծառայեցնել չեն կարողանա․ - «Հիմա հայտնվել են նոր մարդիկ, որոնք ասում են՝ մենք գրանցվել ենք, բայց այս պահին համակարգը ասում ա որ դուք չեք գրանցվել: Նման բան լինել չի կարող: Եթե ինքը գրանցվել ա, և իր մեյլը գրանցվել ա, համակարգում պահվում ա նաև այդ մեյլը»:

Հարցին, թե ինչ կասի իր ղեկավարած կենտրոնը այն ծնողներին, որոնք չհասցնելու պատճառով երեխաներին ավելի հեռու դպրոց պիտի տանեն, Պողոսյանն արձագանքեց․ - «Այսինքն, երբ որ ասում են՝ մենք մոտ ենք ապրում, նույն թաղամասում, հիմա ես էդ հարցադրումները կարող եմ անել․ նույն թաղամասում ապրելը նշանակում է նույն վարչական շրջանո՞ւմ, հասցեներով ո՞նց որոշենք որտեղ, քանի՞ մետր հեռավարությունն ա համարվում օպտիմալ: Նման հարցեր կան, որոնց պատասխանը որևիցե մեկը չի կարող ունենալ»:

Պողոսյանը վստահեցնում է, որ համակարգի միջոցով ընտրում են միայն դպրոցը, իսկ արդեն դասղեկի ընտրությունը հին կարգով է լինելու։