Առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի տեխնիկական խնդիրներն արագ հարթվել են․ ԿԳ փոխնախարար

Առաջին դասարանցիներ սեպտեմբերի 1-ին, արխիվ

Այսօր կառավարության նիստի ժամանակ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը մանրամասներ է ներկայացրել հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումից:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարը մասնավորապես նշել է, որ համակարգի գործարկումն իրականացվել է բազմաթիվ փորձարկումներից հետո: Ըստ նրա՝ այսօր ժամը 10:45-ի դրությամբ առցանց համակարգում արդեն 9 հազար 321 երեխա է հերթագրվել. տեխնիկական խնդիր է եղել շուրջ 100 երեխաների հետ կապված: «Խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով: Այդ տեխնիկական խնդիրներն արագ հարթվել են», - նշել է Անափիոսյանը՝ հավելելով, որ առաջին դասարանցիների կանխատեսվող ցուցանիշի 75-80 տոկոսն արդեն հայտագրվել է:

Փոխնախարարն վստահեցրել է, որ համակարգն այսուհետ անխափան կաշխատի, և ծնողները կարող են իրենց երեխաներին առանց որևէ խնդրի համակարգում հայտագրել:

«Մենք սրանով փաստորեն վերջ դրեցինք այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցում էին դպրոցներում: Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը, կարծում ենք նաև, կփոխի մշակույթ՝ կա կարգ, կա օրենք, որին պետք է հետևենք, և բոլոր քաղաքացիները այդ կարգի ու օրենքի առաջ հավասար են», - ասել է Արևիկ Անափիոսյանը: