Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, քիչ առաջ ներկայացել են դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու նպատակով:
Քոչարյանի պաշտպանները ավելի վաղ Արցախի ներկա և նախկին նախագահների երաշխավորագրերը արդեն ներկայացրել էին դատարանին, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել էր՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է անձամբ ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը։
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:
Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: