Մայք Փոմփեոն մայիսի 31-ին կմեկնի Բեռլին

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեո, Սոչի, 14-ը մայիսի, 2019թ.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մայիսի 31-ին կմեկնի Գերմանիա: Նրա այցը նախատեսված էր մայիսի 7-ին, սակայն աշխատանքային օրակարգի փոփոխության բերումով հետաձգվել է:

Պետքարտուղարը Գերմանիայի ղեկավարների հետ պետք է քննարկեր Ուկրաինայի, Վենեսուելայի, ինչպես նաև «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի հարցերը:

Փոմփեոն Բեռլինի փոխարեն մեկնել էր Սոչի, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու հնարավորությունը:

Պուտինը և Փոմփեոն հանդիպումից հետո նշել են, որ երկու գերտերություններն ունեն լուրջ տարաձայնություններ և միմյանց հակասող շահեր, սակայն կարող են որոշ հարցերի շուրջ գալ համաձայնության:

Բեռլինում Փոմփեոյին կընդունեն կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Հայկո Մաասը:

ԱՄՆ Պետական քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Փոմփեոն առաջին անգամ կայցելի Բեռլին: