2019 թվականի բյուջեով առաջացած պակասուրդի մի մասը պայմանավորված է 7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորների ու հանձնաժողովների թվի ավելացմամբ։ Շուրջ 94 մլն դրամ կուղղվի պարգևավճարներին:
Ավելացվել են նաև ԱԺ նախագահի և պատգամավորների արտասահմանայն գործուղումների ծախսերը: Արարատ Միրզոյանը գործուղումների թվին ավելացել են այցեր Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ:
Բացի այդ ձեռք են բերվելու 4 ռենտգենային զննող սարքավորումներ, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի մոտ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը այս ծախսերը արդարացված է համարում․ - «Ռենտգեն սարքերից միայն կամարն է տեղադրվելու, իսկ ռենտգեն սարքը, որ պայուսակներն է ստուգելու, այլ տարածքի համար ենք նախատեսում»:
Հարցին, թե ինչու որոշեցին նման սարքավորումներ տեղադրել, արդյո՞ք ինչ-ինչ մտահոգություններ կային, Գալստյանը պատասխանեց․ - «Ոչ մի մտահոգություն չկա: Խնդիրը նրանում է, որ [եղած] սարքերը բավականին հին են, անընդհատ խափանվում են: Մոդելները այնքան հին են, որ սպասարկումը հնարավոր չի լինում իրականացնել, քանի որ արդեն արտադրությունից դուրս եկած են անգամ պահեստամասերը: Մենք այսպես թե այնպես նման խնդրի առաջ կանգնելու ենք, որ ինքը շահագործումից ուղղակի դուրս գա»:
Անդրադառնալով խորհրդարանի խոսնակի գործուղման ծախսերի ավելացմանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց․ - «Կան որոշակի ծրագրեր, բազմաթիվ հրավերներ: Հրավերների որոշ կարևոր մասը, որը անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության համար, անհրաժեշտ է պետության համար, էդ մասով պլանավորվել է: Դա շատ ավելին է եղել, քան նախորդ տարվա բյուջեն»: