ՅՈւՆԵՍԿՕ-ի հրավերով Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում, որտեղ կմասնակցի և զեկույցով հանդես կգա «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։
Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ համաժողովը կազմակերպել են ՅՈւՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, դրան մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ։
«Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում և ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում», - ասված է հաղորդագրությունում:
Այցի շրջանակում նախատեսված են Արայիկ Հարությունյանի հանդիպումները Չինաստանի կրթության նախարարի և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալի հետ։