Ադրբեջանական զինուժը առաջիկա երկուշաբթի օրը հերթական լայնածավալ զորավարժություններն է սկսում` 10 հազար զինծառայողի մասնակցությամբ:
Սա կլինի ադրբեջանական զինված ուժերի՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ, իսկ վերջին տասը ամիսների ընթացքում՝ երրորդ լայնամասշտաբ զորավարժությունը:
Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ օպերատիվ-մարտավարական վարժանքներն անձամբ ղեկավարելու է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, քառօրյա զորավարժության ընթացքում՝ մայիսի 20-24-ը, կխաղարկվի պաշտպանական-հակահարձակողական սցենար: «Նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է» , - ասված է հաղորդագրությունում: Դրանում նշվում է, որ բացի մեծաքանակ զինվորական անձնակազմից, զորավարժություններում կներգրավվեն նաև 150 միավոր տանկ և այլ զինտեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային զինատեսակ, ականանետներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 35 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ:
Ադրբեջանական բանակի նախորդ խոշոր վարժանքները մարտին էին՝ երկրի նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի շրջանակում, մինչև 10 հազար զինծառայողների, 500 տանկերի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ: Պաշտոնական Երևանը խստորեն քննադատել էր այդ զորավարժությունները:
Ընդամենը երկու շաբաթ առաջ Բաքվում ամփոփել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2019» անունը կրող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ շուրջ վեց տասնյակ միավոր ռազմական տեխնիկայի, երեք տասնյակ միավոր հակատանկային, հրետանային տեխնիկայի, շուրջ 20 ռազմատրանսպորտային ուղղաթիռների, երկու երկրների հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրների ներգրավմամբ:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ մայիսի 20-24-ը նախատեսված լայնածավալ զորավարժությունների մասին պաշտոնական Բաքուն տեղեկացրել է միջազգային կառույցներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյախլին: