Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարան կներկայանան վաղը

Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, արխիվ

Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ամենայն հավանականությամբ, դատարան կներկայանան վաղը ուշ երեկոյան` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկայացնելու համար:

Այսօր ընթացող դատավարության ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց, որպեսզի երաշխավորները ներկայանան ուրբաթ՝ մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին, իսկ եթե ոչ, թույլ տալ նրանց հետ կապ հաստատել հեռակապի միջոցով:

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը բացառեց հեռակապի հնարավորությունը, քանի որ երաշխավորներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելուց բացի անհրաժեշտ է նաև նրանց ստորագրությունը։

«Երաշխավորը պետք է նախազգուշացվի նաև նախատեսվող քրեական պատասխանատվության մասին», - հայտարարեց դատավորը:

Մայիսի 17-ը ընդունելի ժամկետ չէր դատարանի համար, քանի որ կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի, նախորդող օրը ևս հանգստյան է, իսկ դատարանը մեկ օրվա ընթացքում պարզապես չի հասցնի գնալ խորհրդակացական սենյակ և դատական ակտ կազմել։

«Շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է, բայց չեմ բացառում», - ասաց դատավորը:

Քննարկմանը միջամտեց մեղադրյալ Քոչարյանը՝ պարզաբանելով, որ այս օրերին Արցախում կա պատվիրակություն և հենց դա է դժվարացնում գործող նախագահի ֆիզիկական ներկայությունը:

Դատավորը արդարացավ․ - «Ես ոչ թե չափազանցնում եմ կամ փորձում եմ ինչ-որ կերպ խնդրի լուծումը չգտնել կամ պայմաններ ստեղծել, որ այդ լուծումը չլինի, դրա մասին խոսք լինել չի կարող»:

Դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց՝ ճշտելու համար, արդյո՞ք հնարավոր է շաբաթ-կիրակի ապահովել Քոչարյանի ներկայությունը դատարանում:

Կողմերը եկան համաձայնության, որ երաշխավորները դատարան ներկայանան վաղը աշխատանքային ժամի ավարտից հետո: