Այսօր երեկոյան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, ով երեկ Սոչիում մեկուկես ժամանոց հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մինչ այդ մոտ երեք ժամ տևողությամբ բանակցություններ վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Պուտինի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարը Թվիթերում գրել էր․ - «ԱՄՆ-ը և Ռուսաստանը անցյալում արդեն ցույց են տվել, որ ի վիճակի են միասին աշխատել միջազգային առանցքային խնդիրների շուրջ: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի միասին աշխատել հանուն մեր ժողովուրդների շահերի»:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, Փոմփեոյի հետ Պուտինի հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, սակայն դրա ընթացքում զգալի առաջընթաց չի արձանագրվել:
Յուրի Ուշակովի փոխանցմամբ, Պուտինն ու Փոմփեոն քննարկել են Սիրիայի, Լիբիայի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ֊ի միջև հրթիռային սպառազինությունների մասին պայմանագրի հարցերը:
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը Փոմփեոյի այցը Ռուսաստան կոչել է երկու երկրների հարաբերությունների վերալիցքավորման փորձ՝ ամիսների շարունակվող ճգնաժամի ֆոնին:
«Բազմիցս ասել ենք, որ մենք էլ ենք ցանկանում լիովին վերականգնել մեր հարաբերությունները: Հուսով եմ՝ հիմա դրա համար անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն», - Փոմփեոյի հետ հանդիպումը սկսելիս հայտարարել էր Ռուսաստանի նախագահը: Անդրադառնալով 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կազմած զեկույցին՝ Պուտինն ասել էր, թե այն հիմնականում օբյեկտիվ էր և ցույց տվեց այն, ինչի մասին Կրեմլը բազմիցս հայտարարել է՝ որևէ ստվերային պայմանավորվածություն Ռուսաստանի իշխանությունների և Թրամփի աշխատակազմի միջև չի եղել և Ռուսաստանը պետական մակարդակով չի միջամտել ամերիկյան ընտրություններին:
Փոմփեոն, իր հերթին, Պուտինի հետ հանդիպմանը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին համագործակցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ռուս֊ուկրաինական հարաբերությունները փակուղուց հանելու համար, ինչպես նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը ազատ կարձակի Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին, ինչպես նաև հայտարարել է, թե Լավրովի հետ քննարկել են Դոնբասում իրավիճակի կարգավորումը:
Ինչպես և սպասվում էր, քննարկվել է նաև Պուտին ֊ Թրամփ՝ Մեծ քսանյակի շրջանակներում հնարավոր հանդիման հարցը: Ուշակովի խոսքով, Պուտնը բաց է Թրամփի հետ նոր հանդիպման համար, եթե պաշտոնական առաջարկություն լինի։