Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստի ժամանակ շարունակվում է Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի ընտրության հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցով քննությունը:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացմամբ` բացակայում է հիմնավոր կասկածը, որ նախկին նախագահը իրեն մեղսագրվող արարքները կատարել է: Ըստ պաշտպանական կողմի` 2008 թվականի մարտյան դեպքերին հաջորդած արտակարգ դրությունը վերաբերել է միայն Երևանին, և սահմանադրական կարգ կտապալվեր, եթե վերացվեին ժողովրդավարական ինստիտուտները:
«Ընդ որում՝ անհրաժեշտ է հստակորեն տարանջատել որևիցե գործողություն, որով խախտվել են ժողովրդավարական պետության կամ իրավական պետության սկզբունքները, և այն վիճակը, երբ դրանք դադարել են գործել իրավական համակարգում։ Էս գործի գլխավոր փաստարկը մնում է մի բան՝ որ բանակը օգտագործվել է այդ իրադարձությունների ժամանակ, և իբր բանակը ոչ ոք իրավունք չուներ օգտագործել էդ իրադարձությունների ժամանակ։ Մենք էսօր էստեղ ակնհայտորեն ցույց կտանք, որ բանակը թե' մեր Սահմանադրությամբ, թե' օրենքներով կարող է օգտագործվել ոչ միայն սահմանի պաշտպանության համար, այլ ներպետական որոշակի իրավիճակում», - հայտարարեց Ալումյանը։
Ակնկալվում է նաև, որ խափանման միջոցի քննության ընթացքում դատարան կներկայանան Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Արցախի նախկին և գործող նախագահները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Չնայած Քոչարյանի փաստաբանները երեկ պնդել էին, որ նախագահները կներկայանան, այսօր «Ազատության» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չհաստատեց տեղեկությունը՝ նշելով, թե երբ որ Բակո Սահակյանը գնա դատարան, այդ մասին կտեղեկանանք:
Մայիսի 13-ին մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը։ Նախնական դատական նիստում քննվում է բացառապես խափանման միջոցի հարցը:
Պաշտոնաթող նախագահը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերից:
Նույնը օրը նախկին նախագահի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Երեկ դատարանը մերժեց պաշտպանների այդ միջնորդությունը: