Նիկոլ Փաշինյան․ Ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը

Չինաստան - «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի մասնակիցները, Պեկին, 15-ը մայիսի, 2019թ․

«Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համար», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով այսօր Պեկինում մեկնարկած «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում:

«Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար», - ասել է Հայաստանի վարչապետը:

«Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից բազմակարծ հասարակություն», - նշել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Միևնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ»:

«Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ», - ընդգծել է վարչապետը:

«Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին: Խաչաձևվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը մասնակցել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից:

Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: