Մարտի 1-ի զոհի հայրը «հրաշքի պես մի բան» է համարում Քոչարյանին մեղադրյալի աթոռին տեսնելը

Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների 10 զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերով է հետևել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։

«Իմ էնտեղ չլինելու միակ պատճառը՝ որ տեղյակ չեմ եղել, որ էսօր դատական նիստ կա, հավատացնում եմ ձեզ: Թե չէ ես պարտադիր պետք է էնտեղ պիտի լինեի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր ևս դատարանում ծափողջյուններով դիմավորեցին նրան:

Այս կապակցությամբ Էդիկ Հարությունյանն ասաց․ - «Դե բնականաբար փողով ծափ են տալիս։ Էսօր էլ էդ գումարը վերցրեցիք, էսօր էլ էդ ծախսեցիք, 10 օր էլ ծախսեցիք, բա հետո՞, բա վերջը՞։ Բայց մի բան մտածեք, մենակ մի անգամ ձեր մտքով թող անցնի, որ 11 տարի ես սպասել եմ դրան: Մեկդ մի պահ, մի վայրկյան մտեք իմ կաշվի մեջ, մտեք: Եթե ձեր հետ լիներ նման բան, որ դուք ձեր որդուն տանեիք թաղեիք, էսօր կգայի՞ք փողոցում կանգնեիք»:

Նա չէր կարծում, թե Քոչարյանին դատարանում մեղադրյալի աթոռին կտեսնի. - «Երբեք մենք չէինք կարող մտածել, որ հնարավոր կլինի այսօրվա այս կադրերը տեսնել: Իրոք սա եթե ասեմ՝ հրաշք, հրաշքների չեմ հավատում, բայց հրաշքների նման մի բան է: Մարդիկ են զոհվել, ճակատագրեր են կործանվել, էրեխեք են որբացել․ դրա պատասխանը վերջապես պիտի տա՞ն, թե՞ չէ: Վերջապես պիտի արդարությունը հաղթի: Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մեռնում: Անմեղ արյունները երբեք չեն կորելու»:

«Մենք մեր զոհված երեխաների դեմ պարտավորություններ ունենք, որ մեր աչքերով տեսնենք, կարողանանք գնալ գերեզմաններ ասել՝ հանցագործներից ոմանք արդեն պատժվել են։ Մեր սրտի հովության համար: Բնական ա, ոչինչ չենք կարա փոխենք, մեր էրեխեքին հետ չենք կարա բերենք: Բայց, բնականաբար, ովքեր հանցագործներ են, պիտի պատժվեն»:

«Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը թեև 2013 թվականից Բելգիայում է ապրում, սակայն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Նա նախ ոստիկանապետից է պահանջում բացատրություն տալ, թե ինչու էին իրավապահները երեկ դատարանում անգործության մատնվել. - «Ես ուղղակի զարմացած եմ ոստիկանների հանցավոր անտարբերության վրա, որ կանգնել նայում էին: Ինչպես էին ուղղորդում, ում էին թույլ տալիս մտնի դատարան, ում՝ չէ»։

Հովհաննիսյանը պատրաստվում է Հայաստան գալ և մասնակցել դատավարությանը․ - «Հուսով եմ, որ դատավարությանը կարող եմ նաև մասնակցել»: