Փաշինյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: ՉԺՀ նախագահը խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին և հավելել, որ այն նաև «Մետաքսի ճանապարհի» արդյունքն է:

«Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը», - ասել է Սի Ծինփինը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում:

«ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով, և շնորհավորել Սի Ծինփինին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ, և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում:

Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով: