Մաեստրո Չեքիջյանը կներկայացնի Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա»-ն

Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա տարվա թերևս լավագույն մշակութային իրադարձություններից մեկը:

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր երաժշտասեր հանրությանը կներկայացնեն համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից մեկը՝ գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆի 1935-36 թվականներին ստեղծված հանրահայտ «Կարմինա Բուրանա․ Բոյերնի երգեր» բեմական եռամաս կանտատը, որը գրվել է 13-րդ դարի համանուն աշխարհիկ բանաստեղծական ժողովածուի մոտիվներով:

Մենակատարներն են Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր) և Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն):

Ուշագրավ է, որ Գերմանիայում գտնվող Բենեդիկտյան միաբանությանը պատկանող Բոյերնի վանքում գտնված միջնադարյան պոետական ժողովածուի հիման վրա ստեղծված այս կանտատը հեղինակը բնութագրել է որպես «մարմնի և տիեզերքի հավասարակշության շնորհիվ մարդկության հաղթանակի տոնակատարություն»:

«Այսօր մենք ունենք փառահեռ մի համերգ: Ազգային ակադեմիական երգչախումբ, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ երկու ազգային արժեքներ: Եվ այսօր 90 տարեկան մաեստրոն ղեկավարում է երգչախումբը և նվագախումբը, կատարվելու է Կարլ Օրֆի հայտնի ստեղծագործությունը: Ինքը իհարկե բազմաթիվ գործեր ունի, որ ժամանակին կատարվել են, բայց ամենահայտնին «Կարմինա Բուրանա»-ն է», - «Ազատության» հետ զրույցում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը:

Անդրադառնալով երգչախմբի առաջիկա ծրագրերին՝ Թերզյանն ասաց․ - «Երգչախումբը ամսի 21-ին սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է կատարելու: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Սերգեյ Սմբատյանը: Ֆիլհարմոնիկ նվագախմի հետ էլի ունենք մի քանի համագործակցություն: Եվրամիության օրվան նվիրված համերգն է դա: Մենք Փարիզ ենք պատրաստվում այս տարի մեկնել: Նոտր Դամի պատմությունը բավականին տխուր ա մեզ համար: Ուզում ենք այնպիսի մի բան անել, որ ֆրանսիացիները զգան, որ մենք իրենց կողքին ենք, Հայաստանն իրենց կողքին է»: