ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի որոշմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

ՀՔԾ-ն նշում է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։

«Քաղաքացու որոշումը» դիմել էր գլխավոր դատախազին՝ քննություն անցկացնելու ու քրեական հետապնդում իրականացնելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, եթե պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Գլխավոր դատախազությունը դիմումը չէր մերժել, ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու:

Գագիկ Ծառուկյանը, հակադարձելով այս պնդումներին, հայտարարել էր, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում:

45 ընկերություններում 20-ից 100 տոկոսի բաժնետեր Ծառուկյանի խոսքով՝ դրանք հանձնել է հավատարմագրային կառավարման, իր գործունեությունը համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն։