ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ճապոնիայում հունիսին գումարվող «Մեծ քսանի» գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թրամփն այդ մասին հաղորդել է երեկ Սպիտակ տանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ընթացքում:
Մինչդեռ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան Վաշինգտոնից որևէ հայտ չի ստացել Թրամփի և Պուտինի հանդիպման կազմակերպման վերաբերյալ: «Մենք դիմում չենք ստացել, չկա նաև համաձայնություն», - նշել է Պեսկովը:
Երեկ «Կոմերսանտ» պարբերականը հաղորդել է, որ Սպիտակ տունը դիմել է Կրեմլին երկու լիդերների հանդիպումը Ճապոնիայում անցկացնելու առաջարկով:
Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ, այսօր Սոչի մեկնած պետքարտուղար Մայք Փոմփեոն, ի շարս այլ հարցերի, Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի նաև երկու նախագահների հանդիպման թեման: