Մադոննան՝ Եվրատեսիլի պատվավոր մասնակից

Մադոննայի համերգը, արխիվ

Իսրայելում անցկացվող Եվրատեսիլ երաժշտական հեռուստատեսային մրցույթին պատվավոր մասնակցի կարգավիճակով հանդես եկող ամերիկուհի Մադոննան հայտարարել է, թե մտադիր չէ հաշվի առնել այլոց քաղաքական տեսակետները և հրաժարվել ելույթից:

Աշխարհահռչակ երգչուհին ասել է, թե իր ելույթի նպատակն է «պաշտպանել մարդու իրավունքները և օգնել մարդկանց՝ գտնելու խաղաղության ճանապարհը»:

«Ես երբեք չեմ դադարել երգել ինչ-որ մեկի քաղաքական օրակարգին հարմարվելու համար և երբեք չեմ դադարել խոսել մարդու իրավունքների ոտնահարումների մասին՝ աշխարհի որ ծայրում էլ դրանք լինեն», - ընդգծել է երգչուհին:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում կհաջողվի ճեղքել բռնությունների և ատելության պատնեշն ու առաջ գնալ խաղաղության ճանապարհով», - հայտարարել է Մադոննան:

60-ամյա աստղը շաբաթ օրը՝ մայիսի 18-ին, երգելու է Թել Ավիվում անցկացվող Եվրատեսիլի եզրափակիչ փուլում: