Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին «իրավիճակն անիմաստ սրելու մեջ»

Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Շուշմա Սվարաջը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպում են Նյու Դելիում, 14-ը մայիսի, 2019թ․

Իրանի արտգործնախարարը մեղադրել է Միացյալ Նահանգներին «իրավիճակն անիմաստ սրելու մեջ»: «Մենք հակամարտություն չենք ուզում, բայց ստիպված ենք ինքներս մեզ պաշտպանել», - հայտարարել է Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ժամանելով Հնդկաստան:

Այցի նախօրեին Հնդկաստանը հրաժարվել էր իրանական նավթից՝ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով, և ակնկալվում է, որ հենց այս հարցն էլ այսօր կդառնա երկկողմ քննարկման թեմա:

Հնդկաստանը իրանական նավթի ամենամեծ սպառողն էր Չինաստանից հետո, սակայն դադարեցրել է ներկրումը Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներից հետո:

Շաբաթներ առաջ Միացյալ Նահանգները հայտարարեց, թե մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումները՝ զրկելու այդ երկրի կառավարությանը եկամտից, որն, ըստ Սպիտակ տան, օգտագործվում է աշխարհում ահաբեկչության տարածման նպատակով: