Հիմնավորվել է, որ դատավոր Հեբոյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք. ՀՔԾ

Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ըստ առաջադրված մեղադրանքների, դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3 միլիոն 580 հազար դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019-ի մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1 միլիոն 714 հազար 160 դրամին համարժեք 3 հազար 500 ԱՄՆ դոլար կաշառք:

ՀՔԾ-ն նշում է, որ քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1 միլիոն 224 հազար 400 դրամին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

«Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին», - ասված է հաղորդագրությունում:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։ Հեբոյանը անօրինական էր որակել տեղի ունեցածը: