Հայաստանի վարչապետը Լյուքսեմբուրգում հանդիպել է իր պաշտոնակցի հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումը, 13-ը մայիսի, 2019թ․

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով, և համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա Փաշինյանի գլխավորած կառավարությունը հասնել հաջողությունների ու իրականացնել նախանշված ծրագրերը, Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները:

Քսավյե Բեթելը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Նա կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը, և այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը, ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, և կարևորել է լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարևորագույն ներկայացուցչական միջոցառմանը:

Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարևորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդայնել կապերն ու ավելացնել առևտրաշրջանառության ծավալները:

Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվորեն համագործակցել և օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Քսավյե Բեթելն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը նաև կրթության ոլորտում, մասնավորապես՝ բուհերի միջև, և իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան:

Այնուհետև Փաշինյանը և Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ Հայաստանի վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ: