Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարվել: Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) համապատասխան որոշումը հրապարակվել է այսօր:
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, որոշման մեջ մասնավորապես նշված է, որ ղեկավարվելով Դատական օրենսգրքի մի շարք դրույթներով՝ Խորհուրդը բավարարել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և նախազգուշացում հայտարարել դատավոր Գրիգորյանին: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել նաև բավարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և նրա անուն-ազգանունը վեց ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից:
Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշմամբ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր փետրվարի 11-ին․ առիթը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացրած հաղորդումն էր՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:
Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը մարտի 25-ին որոշում էր կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին: Բարձրագույն դատական խորհուրդը միջնորդությունը քննության էր առել մայիսի 2-ին, իսկ որոշումը հրապարակեց այսօր, ըստ հաղորդագրության՝ օրենքով սահմանված կարգով: