Հայաստանի վարչապետը կարծում է, որ ռուսական գազի գնի նվազեցման հնարավորություն կա, և սա կապված է նրա հետ, որ Եվրասիական տնտեսական միությունը ենթադրում է ընդհանուր շուկա և էներգակիրների միասնական գին անդամ բոլոր երկրների համար։ Իսկ այն, որ Ռուսաստանը գազային մենաշնորհ ունի Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը բնական է համարում և ընդհանրապես չի կարծում, թե Հայաստանում ամեն ինչ Ռուսաստանին է պատկանում։
Ռուսական RBC-ն այսօր հրապարակել է Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցը։ Սա ռուսական լրատվամիջոցի համար թերևս բավականին համարձակ հարցազրույց է, քանի որ լրագրողը մանրամասն հարցնում է, թե ինչպես է տեղի ունեցել հայկական հեղափոխությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմում է, թե ինչ անել, որպեսզի հեղափոխությունը հաջողության հասնի․ մասնավորապես, որ մեծ դեր են խաղացել սոցիալական ցանցերը, որ պետք էր փոխել հանրահավաքների հրապարակը, քանի որ Ազատության հրապարակը մեկուսացված է, և կողքի փողոցներով անցնող մարդիկ նույնիսկ չգիտեին, թե ինչ է այնտեղ կատարվում։
«Թավշյա հեղափոխության վրա մենք ծախսել ենք մոտավորապես 200 հազար դոլար, որը մենք խնդրել ենք շարքային մարդկանցից։ Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ, և մեզ գումար էին ուղարկում տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում ապրող հայերը», - RBC-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե դրա արդյունքում Հայաստանի նոր իշխանությունը այսօր պարտական չէ ինչ-որ շրջանակների՝ իշխանության գալու համար։
Ռուսաստանցի լրագրողը հարցազրույցում զարմանում է, որ Փաշինյանն ունի միայն Hyundai Sonata ավտոմեքենա և նույնիսկ հայաստանյան չափանիշներով համեստ գումար, չի հավատում և հարցնում է. «Ի՞նչ, մարդիկ հավատո՞ւմ են, որ դա այդպես է»: «Հավատան, չհավատան՝ այդպես է», - ասում է Հայաստանի վարչապետը:
Բնականաբար, ռուսաստանցի լրագրողին հետաքրքրում էին Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հարցնում է՝ զգացե՞լ է արդյոք ճնշում Ռուսաստանի նախագահի կողմից, Փաշինյանը պատասխանում է, որ ոչ, երբեք չի զգացել։
Սրա հետ մեկտեղ, սակայն, հարցազրույցում վարչապետը պատմում է, որ Ռուսաստանում են այսօր գտնվում մարդիկ, ովքեր հետախուզման մեջ են հայաստանյան իրավապահ մարմինների կողմից Մարտի 1-ի գործով․ խոսքը Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին հարցին պատասխանելիս Հայաստանի վարչապետը մասնավորապես ասել է․ - «Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Միհրան Պողոսյանին, սա սենսացիոն ձերբակալություն էր, քանի որ հայկական սոցիալական ցանցերում տարածված է կարծիք, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները չեն համագործակցելու Նոր Հայաստանի իրավապահ մարմինների հետ: Ես հուսով եմ, որ դա սխալ կարծիք է»: «Մինչ այդ, մենք ունենք երկու դեպք, երբ հայաստանցի նախկին պաշտոնյաները հետախուզման մեջ են և գտնվում են Ռուսաստանում: Դուք գիտեք, որ նրանք Ռուսաստանում են: Բոլորը գիտեն: Եվ Ռուսաստանի իրավապահ մարմինները չեն համագործակցում մեզ հետ այդ հարցով։ Սա կապված է Մարտի 1-ի գործի հետ», - հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։