Լարված իրավիճակ դատարանում. Քաշքշուկ Քոչարյանի աջակիցների և այլ քաղաքացիների միջև

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ավելի լարված ընթացավ դահլիճից դուրս:

Դատարանի մոտ հավաքված Քոչարյանի աջակիցները արգելում էին այլ քաղաքացիների մուտք գործել նիստերի դահլիճ, ինչի հետևանքով պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր սկսվում:

Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը:

Գասպարին պնդեց՝ շշով հարվածել են իր դեմքին: Ոստիկանները դատարանի շենքից դուրս հանեցին կողմերին, և միջադեպը շարունակվեց դատարանից դուրս:

Ռոբերտ Քոչարյանի աջակից Սերգեյ Սաժումյանը «Ազատության» հետ զրույցում խոստովանեց, որ պաստառը խլողը ինքն էր, և հայտարարեց, թե մինչև դատարանի վերջնական որոշումը թույլ չեն տա որևէ մեկին Ռոբերտ Քոչարյանին վիրավորող պաստառներով մուտք գործել դատարանի դահլիճ:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շղթայեցին դահլիճի դուռն ու թույլ չտվեցին ներս մտնել Գասպարիին աջակցելու համար դատարան եկած քաղաքացիներին: Գասպարիից պաստառը խլած Սաժումյանը և իր թիմակիցները արգելեցին Ջիվան Աբրահամյանին նիստերի դահլիճ մտնել: Դատական կարգադրիչներին և ոստիկաններին չհաջողվեց նիստերի դահլիճ ուղեկցել քաղաքացիներին, ստիպված եղան վիճաբանող կողմերին դուրս բերել դատարանի շենքից:

«Մեր երկրում փոխվել ա իրավիճակ», - լրագրողներին ասաց Ջիվան Աբրահամյանը: - «Հիմա Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները չեն թույլ տալիս քաղաքացին մտնի դատարան: Ես ասում եմ՝ ուզում եմ դատական նիստին ներկա լինել: Վերջում պարզվեց, որ ներսում տեղ չկա: Դա արդեն միֆերի միֆն ա»:

Մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ դժվարությամբ ներս մտավ: Քոչարյանի աջակիցներից Զարուհի Սարգսյանն ու Աիդա Հովհաննիսյանը Սաֆարյանից ապացույցներ էին պահանջում, որ նա առնչություն ունի այս դատավարությանը:

Ավելի ուշ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպով Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից չորս անձ ոստիկանություն է տարվել: Կատարվում է հետաքննություն: